Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը հայտնել է, որ չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
2018 թվականին ձյուդոի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ, այնուամենայնիվ, չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ադրբեջանն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պաշտոնապես հրաժարվել էր ապահովել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունը սեպտեմբերի 20-27-ին կայանալիք ԱԱ-ում, սակայն Կարապետյանը նշել էր, որ միջազգային հանձնաժողովն այդ հարցը բարձրացրել է և հավանականություն կա, որ ինքը կմեկնի Բաքու.
«Այնքան էլ լավ նորություն չունեմ:
Եկել էինք Թբիլիսի, որպեսզի մեկնենք Բաքու` մասնակցելու ձյուդոի աշխարհի առաջնությանը, բայց գալով այստեղ տեղեկացանք, որ Ադրբեջանը մեզ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում:
Այդ իսկ պատճառով մեր երկիրը մեզ թույլ չտվեց մեկնել այնտեղ: Ցավոք, մենք հանդես չենք գա այդ մրցումներում: Իհարկե, ցանկացած մարզիկի համար սա շատ վիրավորական է և ցավալի, քանի որ կատարվել է շատ բարդ աշխատանք և անցել ենք շատ երկար ճանապարհ: Շատ երկար էինք պատրաստվել այս առաջնությանը: Ամեն դեպքում, արեցինք այն, ինչ կարող էինք»,- ասել է Ֆերդինանդ Կարապետյանը:
Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային մրցաշար է Տոկիոյում 2020 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի համար:
