Time ամսագրի նոր համարի շապիկին կրկին Թրամփն ու Պուտինն են հայտնվել
Ամերիկյան Time ամսագրի խմբագիր Դեն Ստյուարտն իր թվիթերյան էջում հրապարակել է ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկը, որում կրկին պատկերված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նոր շապիկը զարդարում է ռուսական մատրյոշկա խաղալիքը, որի ամենամեծ մասին պատկերված է Դոնալդ Թրամփը: Նրա ետևում են խաղալիքի ավելի փոքր մասերը՝ ռուս գործարար Վիկտոր Վակսելբերգի և ամերիկացի քաղաքական գործիչ Փոլ Մանաֆորտի դեմքերով: Վլադիմիր Պուտինը պատկերված է մատրյոշկայի ամենափոքր մասի վրա:
Ինչպես հաղորդում է Ստյուարտը, ամսագրի հոկտեմբերյան համարը լույս կտեսնի «Ցարի բոլոր մարդիկ. Ինչպես են Պուտինի օլիգարխները հայտնվել Թրամփի թիմում» խորագրով:
Ենթադրվում է, որ Time-ի հաջորդ համարը նվիրված է լինելու 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի քաղաքական փոխհարաբերություններին:
