Ռիշարլիսոն. Ձեռքերիս մատները չեն բավականացնի, որպեսզի հաշվեմ, թե քանի ակումբ է ինձ մերժել
«Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը, ով իր նորամուտն է նշել Բրազիլիայի հավաքականի կազմում, պատմել է կարիերայի մեկնարկում ունեցած խնդիրների մասին.
«Պատրաստ էի հրաժարվել ֆուտբոլից, բայց բարձրացրի գլուխս և մեկնեցի Բելու-Օրիզոնտի` միայն մեկ ուղղությամբ տոմսի գումար ունենալով:
Եթե ինձ մոտ ոչինչ չստացվեր, ապա գումար չէի ունենա, որպեսզի վերադառնայի տուն` Էսպիրիտու-Սանտո, որը 600 կմ հեռավորության վրա է գտնվում:
Եթե հանձնվեի առաջին մերժումից հետո, ապա երբեք չէի հայտնվի այնտեղ, որտեղ հիմա եմ: Ձեռքերիս մատները չեն բավականացնի, որպեսզի հաշվեմ այն ակումբների քանակը, որոնք մերժել են ինձ:
Ստիպված էի ապրել հորեղբորս տանը, քանի որ դա մոտ էր այն տեղին, որտեղ ես մարզվում էի, և ես նույնիսկ ավտոբուսի գումար չունեի: Առաջ կոնֆետ և պաղպաղակ էի վաճառում փողոցում, և աշխատում էի դաշտում, որպեսզի օգնեմ ծնողներիս: Յուրաքանչյուրն արել է այն, ինչ կարողացել է, որպեսզի իրականացնի ֆուտբոլիստ դառնալու երազանքը: Ես հասկացա, որ նպատակներին հասնելու համար պետք է համբերություն ունենալ, համառություն և հավատ մարդկանց նկատմամբ»,- Ռիշարլիսոնի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
ԱՊԼ-ի մեկնարկային երեք տուրում Ռիշարլիսոնը, հիշեցնենք, դարձել է 3 գոլի հեղինակ և մեկ անգամ հեռացել դաշտից` ստանալով կարմիր քարտ: