Մայր Աթոռում վարդապետական աստիճան է շնորհվել Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին
Օգոստոսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարդապետական լանջախաչ է շնորհել Հոգեշնորհ Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանին: Վերջինս, երկու օր առաջ բարեհաջող կերպով պաշտպանելով իր վարդապետական թեզը, օգոստոսի 30-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում արժանացել էր վարդապետական մասնավոր չորս աստիճաններին:
Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Նորընծա վարդապետին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` հայցելով Հայոց Հովվապետի օրհնությունը:
Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բերելով Տիրայր վարդապետին, անդրադարձել է վարդապետական աստիճանի կարևորությանը: Նորին Սրբությունը նշել է, որ պատմության ընթացքում վարդապետները կրթել, դաստիարակել ու առաջնորդել են մեր ժողովրդի զավակներին և այսօր էլ նրանց վրա դրված է նույն պարտականությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրել է, որ կրթյալ եկեղեցականաց նոր սերունդն է այսօր իր նվիրյալ ծառայությունը բերում հավատացելոց` բարձր պահելով Հայոց Եկեղեցու հեղինակությունն ու բարի անունը:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է բերել Հայր Տիրայրին իր անձնդիր ծառայության համար` հույս հայտնելով, որ վերջինս չի բավարարվի այս գովելի ձեռքբերումով և կշարունակի իր կրթությունն ու գիտական ուսումնասիրությունները:
Վերջում Նորին Սրբությունն իր օրհնությունն է բաշխել նորընծա վարդապետին` մաղթելով Սուրբ Հոգու առջնորդությունն իր հոգևոր ծառայության մեջ: