Հյուսիսային Կորեան պահանջում է ԱՄՆ-ից հաշտության պայմանագիր կնքել
ԿԺԴՀ-ում պնդում են, որ ԱՄՆ-ի հետ հարկավոր է հաշտության պայմանագիր կնքել, ինչը կօգնի խաղաղություն հաստատել տարածաշրջանում և ազատվել լարվածությունից: Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը՝ այս մասին ասվում է հյուսիսկորեական Rodong Sinmun պետական օրաթերթում հրապարակված հոդվածում:
«Չկա որևէ պատճառ պատերազմի ավարտի վերաբերյալ պայմանագիրն անտեսելու համար: Սա նախնական և շատ կարևոր գործընթաց է, որը կոչված է հիմք դառնալու Կորեական թերակղզում խաղաղության հաստատման և լարվածության թուլացման համար»,- նշվում է հոդվածում:
Բացի այդ, հոդածում նաև շեշտվում է, որ հաշտության պայմանագիրը կնպաստի «փոխադարձ վստահությանն ու կդառնա բեկումնային համաշխարհային անվտանգության ապահովման ոլորտում»:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է ԱՄՆ նախագա Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը, որի արդյունքերով ստորագրվել է փաստաթուղթ առ այն, որ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, մինչդեռ Փհենյանն իր հերթին հաստատում է իր հանձնառությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում: