Երևանը տեղ է գտել ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենատարածված աշնանային ուղղությունների ցանկում
Ռուսաստանյան Туту.ру զբոսաշրջային ծառայությունը հրապարակել է այս աշնան ամենատարածված ուղղությունները, որոնք ընտրել են Մոսկվայի բնակիչները հանգիստն անցկացնելու համար, գրում է РИА Новости գործակալությունը։
Ռուսաստանին հարևան կամ մոտակա երկրներից Մոսկվայի բնակիչները նախընտրել են աշնանային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Քիշնևում և Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդ որում՝ շեշտվում է, որ դեպի Երևան և Թբիլիսի ավիաչվերթներն էականորեն էժանացել են․ այն դեպքում, երբ Մոսկվայից Ադրբեջան, Մոլդովա, Ղրղզստան ու Ղազախստան չվերթների գները բարձրացել են։
Հայտնի է, որ եվրոպական քաղաքներից մոսկվացիները նախապատվությունը տվել են բուլղարական Բուրգասին և Վառնային, Իտալիայի մայրաքաղաք Հռոմին ու իսպանական Տեներիֆե կղզուն։
Ցուցակում տեղ են գտել նաև Թել Ավիվը, Անթալիան ու Ստամբուլը։