Իրանի գերագույն առաջնորդը պատմել է՝ ինչից է տուժում երկրի տնտեսությունը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ավելի շատ տուժում է ներքին խնդիրներից, քան արտաքին պատժամիջոցներից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրանում տնտեսական խնդիրներին է նվիրված եղել երկուշաբթի Թեհրանում կայացած քաղաքացիների հետ Խամենեիի հանդիպումը:
«Վերլուծաբանները և կառավարության ներկայացուցիչները համաձայն են՝ մեր ներկայիս խնդիրները չեն առաջացել դրսից, դրանք ներքին բնույթ են կրում»,- ասել է Իրանի նախագահը:
Խամենեին նման պատճառներից մեկն է անվանել կառավարման մեջ սխալները:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը:
Պատժամիջոցները վերաբերում են Իրանի կառավարության բարձրաստիճան անդամներին, ինչպես նաև իսլամական պետությունից մի շարք ապրանքների արտահանմանն ու ներկրմանը: Ամերիկյան պատժամիջոցներն արգելում են գրաֆիտի, ալյումինի, պողպատի, ածուխի, ծրագրային ապահովման ներկրումն Իրան: Դրանք նաև վերաբերում են Իրանի ավտոարդյունաբերությանը, իրանական գորգերի ու մթերքների ներկրմանն ԱՄՆ:
Պատժամիջոցները չեղարկվել էին 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարվա մայիսին հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու ու Իրանի դեմ նախկին պատժամիջոցները վերականգնելու մասին:
