Հիանալի կլինի մրցաշրջանը սկսել Սուպերգավաթի խաղում հաղթանակով. Բենզեմա
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հույս ունի, որ իր թիմը հաղթանակ կտոնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Աթլետիկոյի» հետ օգոստոսի 15-ին կայանալիք խաղում.
«Սուպերգավաթը մեզ համար մեծ նշանակություն ունի, և մենք ցանկանում ենք նվաճել այն: Եթե դու «Ռեալի» ֆուտբոլիստ ես, ապա պարտավոր ես հաղթել յուրաքանչյուր խաղում: Հնարավոր են դժվարություններ, քանի որ մեզ մոտ նոր թիմ է կառուցվում, բայց հիանալի կլինի մրցաշրջանը սկսել Սուպերգավաթի խաղում հաղթանակով:
Վերջին տարիներին նվաճած տիտղոսների շնորհիվ մենք ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջաններից մեկն ենք ապրել: Մենք ինչ-որ անհավանական բան ենք արել՝ երեք անգամ անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Ապացուցել ենք, որ լավագույնն ենք:
Ինքս «Ռեալում» շատ եմ մեծացել, հսկայական փորձ եմ կուտակել: Առաջին տարիներին փոքր-ինչ բարդ էր, սակայն միշտ պայքարել եմ և իմ առաջ դրել եմ ամենաբարձր նպատակաները»,- Բենզեմայի խոսքերը մեջբերել է «Ռեալի» պաշտոնական կայքը:
