«Լիդիան Արմենիայի» աշխատակիցները կառավարությունից պահանջում են աշխատելու հնարավորություն ստեղծել
Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ արդեն 53 օր փակ են պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով դադարեցնել աշխատանքները: Նրանք պնդում են, որ հանքի շահագործումը կարող է հանգեցնել բնապահպանական աղետի:
«Լիդիան Արմենիայի» աշխատակից Մխիթար Արշակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ արդեն 3 անգամ նամակ են ուղարկել վարչապետ Փաշինյանին և հարց ուղղել՝ ինչու՞ իրենք չեն շարունակում իրենց աշխատանքը։ Արձագանք չստանալով, որոշել են գալ և անձամբ հանդիպել վարչապետի հետ։
«Պարոն Փաշինյանը երբ Ջերմուկ այց էր կատարել, նա մեզ ուղղորդեց հանգստի, որ մենք այլ քայլեր չձեռնարկենք։ Նույնը ասեց նաև ցուցարարներին, բայց ցուցարարները ճանապարհը չբացեցին, իսկ մենք մեր խոստումը պահեցինք։ Հիմա համբերության բաժակը լցվել է, ու չենք կարող էլի սպասել»,- ասաց Մխիթար Արշակյանը:
Ցուցարարներին այսօր ընդունեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Վերջինս ցուցարարներին խնդրեց ևս 15 օր սպասել, մինչև կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբն ավարտի իր ուսումնասիրություններն Ամուլսարում ու եզրակացություն տա: «Մենք պետք է հասկանաք, որ այդ խնդիրը չի լուծվելու բռնությամբ։ Լուծումը պետք է լինի խաղաղ։ Մենք սպասում ենք կառավարության ստեղծած աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներին»,- ասաց փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչը: Ցուցարարները համաձայնեցին ևս 15 օր սպասել։
Բնապահպան ակտիվիստները պնդում են, որ Ամուլսարում իրականացվող ծրագիրն աղետալի ազդեցություն կունենա շրջակայքի ջրային ռեսուրսների վրա: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել էր, որ 6 միլիոն դոլար են ծախսել բնապահպանական և ընկերության ազդեցության գնահատման ուսումնասիրությունների վրա, օգտվել են աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից: Նա վստահեցնում էր, որ կիրառելու են թթվային ապարների դրենաժի կառավարման լավագույն միջոցները, որոնց շնորհիվ շրջակայքի ջրերը չեն աղտոտվի:
