Իսպանիայում համերգի ժամանակ փայտյա հարթակը փլվել է. տուժել է ավելի քան 300 մարդ (տեսանյութեր, լուսանկարներ)
Գալիսիայի ինքնավար համայնքի Վիգո քաղաքի ծովափին անցկացվող համերգի ժամանակ հարթակի փլվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 312-ի: Այդ մասին Radio Galega ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է շրջանի կառավարության առողջապահության հարցերով խորհրդական Խեսուս Վասկես Ալմուինյան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ հինգ մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, ծանր վիճակում է, նրանք ունեն կոտրվածնքեր և գանգուղեղային վնասվածքներ:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան։ Համերգն անցկացվել է O Marisquiño փառատոնի շրջանակում: Կառուցված փայտե հարթակը չի դիմացել հանդիսատեսի ծանրությանը և փլվել է, ինչի հետևանքով մարդիկ ընկել են ջուրը: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Efe գործակալությունը, վկայակոչելով Գալիսիայի կառավարությունում աղբյուրների, հայտնել է, որ ինը մարդ մնում է հիվանդանոցներում: Ոստիկանությունը և հրշեջները հայտարարում են, որ զոհեր չկան:
