Լավրովը կմեկնի Անկարա՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման նպատակով
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի կմեկնի Անկարա, որտեղ օգոստոսի 14-ին բանակցություններ կանցկացնի իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` նախարարները կքննարկեն մի շարք կարևոր հարցեր` այդ թվում նաև Սիրիայում համագործակցության հարցը և տնտեսական կապերի զարգացման հարցը, ինչն առանձնահատուկ նշանակություն է ստանում Վաշինգտոնի և Անկարայի միջև բորբոքվող առևտրային պատերազմի ֆոնին:
Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նախարարներն իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են միջազգային օրակարգի արդիական հարցերի վրա: Բացի այդ, Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարները նաև քննարկելու են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հետ կապված հարցերը` մասնավորապես «Թուրքական հոսք» գազատարի և «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցերը:
