«Նրանք դոլար ունեն, մենք էլ մեր Ալլահն ունենք»․ Էրդողանը մխիթարել է տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված ժողովրդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով թուրքական լիրայի՝ ԱՄՆ դոլարի դիմաց ռեկորդային անկումը, հայտարարել է, որ Թուրքիայի դեմ քաղաքական ճնշում է գործադրվում, և հորդորել է ժողովրդին ուշադրություն չդարձնել այդ ամենի վրա։ Այս մասին գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։
«Ականջ մի՛ դրեք այդ ամենին։ Նրանք դոլար ունեն, իսկ մենք ունենք ժողովուրդ, իրավունք ու մեր Ալլահը։ Մենք շատ ենք աշխատել, շարունակում ենք շատ աշխատել։ Հիշե՛ք, թե ինչ էինք 16 տարի առաջ, և ինչ ենք հիմա։ Է՛լ ավելի լավ ենք լինելու», - ասել է Էրդողանը։
Նշենք, որ այսօր թուրքական լիրան շարունակել է արագընթաց անկումը դոլարի նկատմամբ՝ գրանցելով նոր ռեկորդ․ այսօր մեկ դոլարը Թուրքիայում վաճառվել է 6,5 թուրքական լիրայով։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեկ դոլարը 5 լիրա արժեր, իսկ անցյալ ամիս՝ 4,5-4,8 լիրա։