Հունաստանում տերերին են վերադարձրել շանը, որը հրդեհի պատճառով ցատկել է ծովը (լուսանկարներ)
Հունաստանում տերերին են վերադարձրել շանը, որը հրդեհի պատճառով ցատկել է ծովը և լողալով սահել ժայռի մոտ՝ կրակից պաշտպանվելու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հրդեհից փրկվող շանը լուսանկարել են, և նա դարձել է աղետի խորհրդանիշը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կենդանիների իրավունքների պաշտպաններն ու փրկարար ծառայությունները փնտրել են շան տերերին, և կենդանու լուսանկարը տարածվել է համացանցում: Արդյունքում Լուա անունով շան տերերին գտել են, և նա վերադարձել է տուն:
Նշվում է, որ շան տերերը ժամերով փնտրել են նրան, այնուհետև լուսանկարների միջոցով իմացել, որ նա փախչել է հրդեհից և պատսպարվել ժայռի վրա:
Այժմ կենդանին իր տերերի հետ վերադարձել է տուն, որը գտնվում է Աթենքում:
Հիշեցնենք, որ Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի:
Հուլիսի 23-ին Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում, զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի վերևում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում թեժ գիծ է գործում:
Հունաստանի իշխանությունները պետական ներդրումային ծրագրից 20 մլն եվրո են հատկացրել անտառային հրդեհների հետևանքով տուժածների օգնության համար: Բացի այդ, հունական կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել հրդեհների հետևանքով տուժածներին օգնելու համար: