Մի շարք աշխարհահռչակ քաղաքական գործիչներ դերասան են եղել. Սասուն Միքայելյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետի համար առաջադրված թեկնածուների հարցում որևէ նախապատվություն չունի, և դեռևս քննարկվում են առաջադրված թեկնածուների տեսլականները:
«Առաջադրված 4 թեկնածուներից 2-ը ներկայացրել են իրենց ընդհանուր տեսակետները քաղաքի հետագա զարգացման հարցում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնին, Սասուն Միքայելյանը նշեց, որ նախ առաջադրվելու իրավունքը նրանն է:
«Երկրորդն էլ՝ մի շարք աշխարհահռչակ քաղաքական գործիչներ են եղել, որ դերասան են եղել: Օրինակ՝ Ռեյգանը 76 ֆիլմի մեջ խաղացել է և եղել է ԱՄՆ նախագահ»,- ասաց նա:
Իսկ թե Մարությանի ծրագրերը նրան բավարարեցին, Սասուն Միքայելյանն ասաց, որ դեռևս քննարկում են: «Թեկնածուներն ընդամենն իրենց տեսակետն են արտահայտել քաղաքի զարգացման հարցում»,- ասաց նա:
