Ընտրություններից առաջ Կառավարության կազմը ներկայացնելու առաջարկը հետաքրքիր է, և կարելի է մասնագիտական քննարկում ծավալվել. Դ. Իոաննիսյան
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի օրենսդրական առաջարկը հետաքրքիր է և կարելի է լուրջ մասնագիտական քննարկում ծավալվել այս հարցի շուրջ. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
Նշենք, որ Խոսրով Հարությունյանն առաջարկում է Ընտրական օրենսգրքում ավելացնել 1 դրույթ, որ ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրած յուրաքանչյուր քաղաքական ուժ նախապես ներկայացնի իր կառավարության կազմը, որը կունենա հաջողության հասնելու դեպքում:
«Ովքե՞ր են լինելու. փոխվարչապետներ՝ 1-ին, նախարարներ՝ պաշտպանության, առողջապահության, կրթության»,-առաջարկել էր Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ առաջարկվող մոդելը նպաստելու է Հայաստանում ընտրական գործընթացի բարելավմանն ու որակյալ ու ավելի կանխատեսելի քաղաքական համակարգ ունենալուն, այն համակարգաստեղծ է:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկը չի քննարկվել ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում և դրա համար էլ հանձնաժողովը դրա հետ կապված որևիցե դիրքում դեռևս չունի:
«Այդուհանդերձ ասեմ, որ առաջարկում ես անձամբ տեսնում եմ թե՛ դրական, և թե՛ խնդրահարույց կողմեր: Խնդրահարույցը թերևս այն է, որ մենք կուսակցությունների վրա դնում ենք լրացուցիչ պարտականություններ, որոնք միգուցե որոշ կուսակցությունների համար այդքան էլ տեղին չեն: Տեսականորեն եմ ասում, օրինակ՝ բնապահպանական կուսակցությունը չի հավակնում ընտրությունները հաղթել և ենթադրենք հավակնում է գնալ մտնել խորհրդարան, ինչ-որ ձայներ ստանալ ու միգուցե կոալիցիայի մեջ մտնելու արդյունքում բնապահպանության նախարար նշանակել, և իրենք միայն ունեն բնապահպանության նախարարի թեկնածու: Այս պարագայում մենք լրացուցիչ բեռ ենք դնում կուսակցության վրա»,-ասաց նա:
Մյուս կողմից էլ, ըստ նրա, կառավարության նախնական կազմի հրապարակումը կենթադրի կուսակցությունների կանխատեսելիությունը:
«Ընտրությունների արդյունքում գործողությունների կանխատեսելիության տեսանկյունից առաջարկը լավն է: Միգուցե նաև այլ դրական և բացասական կողմեր կան, դրա համար պետք է մասնագիտական քննարկում անցնի, նայենք, թե միջազգային փորձն ի՞նչ է ու հասկանանք»,-ասաց նա:
