Նախկինում կեղծիքով տրված տարկետումները կարող են բացահայտվել. Գ. Հարությունյան (տեսանյութ)
Որտեղ կա մարդը, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ, սա մարդու բնույթի հետ կապված խնդիր է, իսկ մարդկային գործոնը, ցավոք սրտի, չենք կարող բացառել: Այսօր ՊՆ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ բրիֆինգում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ բացահատումներին՝ կապված պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հետ: Նրա կարծիքով՝ չի գտնվի մի բանաձև, որով երաշխավորված կլինի կոռուպցիոն ռիսկի լիարժեք չեզոքացումը:
«Եթե բժիշկը հետ է կանգնում իր երդումից, հիվանդի վիճակի վերաբերյալ տվյալները կեղծում է, սա արդեն առնվազն բարոյական չէ, իհարկե, հանցագործություն է: Եթե նման հանցագործություններ լինում են, կարող են բացահայտվել, որովհետ մեկ անգամ տրված տարկետումը, անգամ, եթե դա 3 տարով է, բայց կեղծվել են փաստաթղթերն այնպես, որ զորակոչիկը ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել է պահեստազորում, դեռ երաշխիք չէ, որ այս կեղծիքը չի բացահայտվելու: Յուրաքանչուր զորակոչ նաև նախկինում տրված տարկետումների վերափորձարկության խնդիր է դնում»,- ասաց նա:
Հարությունյանը, դիմելով նման կերպ իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատած ծնողներին, ասաց, թե դա ճիշտ ճանապարհ չէ, ավելին՝ շեշտեց, որ այս ճանապարհը կբերի նրան, որ ինչ-որ պահի անպայման կբացահայտվի:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ անել, որ նման երևույթներից հնարավոր լինի խուսափել, Գեղամ Հարությունյանն ասաց. «Մի խնդիր կա՝ մենք 18 տարեկանում երիտասարդի առողջական վիճակի հետ կապված անակնկալների չպետք է հանդիպենք, եթե ինչ-որ անակնկալ է բացահայտվում, ապա դա պետք է բժշկական տեսանկյունից բացատրելի լինի՝ կապված տարիքային շեմի, հիվանդությունների առանձնահատկությունների և այլնի հետ: Ասելիքս այն է, որ առաջին օղակի բժշկությունը լուրջ դեր ունի»,- շարունակեց Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի համակարգողի գնահատմամբ՝ այս հարցում մեծ անելիք ունի Առողջապահության նախարարությունը: Ըստ նրա՝ 14 տարեկանից սկսած, երբ պատանիներին վերցնում են հաշվառման, պետք է շատ լուրջ ուսումնասիրվի առողջական վիճակը, որպեսզի ստացված վիճակից փոքր-ինչ շեղումն անգամ նկատելի լինի:
«Այդ դեպքում մենք կարող են բացառել և՛ կոռուպցիոն ռիսկերը, և՛ կարող ենք բացառել բողոքները, և՛ կարող են ստանալ լիարժեք վիճակ: Խնդիրը ոչ միայն ճիշտ փորձաքննություն կատարելն ու հասկանալն է՝ պիտանի է ծառայության, թե ոչ, այլև այս պրոցեսի մեջ կարող ենք ժամանակին բացահայտել խնդիրները, բուժել դրանք, իսկ արդեն 18 տարեկանում կունենանք զինվորական ծառայությանը պիտանի մարդ»,- եզրափակեց Հարությունյանը:
