ՃՏՊ-ների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի աճել է 212-ով, իսկ հրդեհներին թիվը նվազել` 7.7 տոկոսով. Հովհաննես Խանգելդյան (տեսանյութ)
Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 6072 արտակարգ պատահար, ինչից զոհվել է 164 անձ, տուժել՝ 5015 մարդ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը՝ նկատելով, որ նախարդ տարվա համեմատ ավելացել է ընդամենը 3 դեպքով: Նրա խոսքով՝ պատահարների հիմնական հատվածը՝ 3606-ը, բաժին է ընկել տեխնածին արտակարգ դեպքերին ու պատահարներին, որից ընդհանուր զոհերի թվի գերակշիռ մասը՝ 147 մարդ, իսկ տուժողների քանակը 2544-է:
«149 վտանգավոր տարերային երևույթ է գրանցվել, ինչից, բարեբախտաբար, տուժել է 1 մարդ, զոհեր չենք ունեցել: 2317 սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպք է եղել, ինչից զոհվել է 17 մարդ, տուժել՝ 2470 մարդ: Հաշվետու ժամանակահատվածում փրկարարներին հաջողվել է փրկել 116 մարդու կյանք, որից 101-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից: Դեպքերի գերակշիռ մեծամասնությունը բաժին է ընկել հրդեհներին, ճանապարհատրանսպորտային պատահարներին ու թունավորումներին»,- ներկայացրեց նա:
Խանգելդյանի խոսքով՝ տարվա ընթացքում փրկարարները հազարավոր մարդկանց կյանք են փրկում, սակայն 116-ն այն դեպքերն են, որ եթե փրկարարները չմիջամտեին, ապա այս անձանց կյանքը փրկել հնարավոր չէր լինի: Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է մարդկային գործոնով՝ արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարել, անսարք ավտոմեքենաներ շահագործել:
«Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի աճել է 212-ով: Աճել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի, տուժածների թիվը»,- նշեց Խանգելդյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը, անդրադառնալով հրդեհներին, տեղեկացրեց, որ առաջին կիսամյակում նկատվում է նվազում 7.7 տոկոսով, սակայն հունիս և հատկապես հուլիս ամիսներին պատկերն այլ է:
«Նախորդ տարի հունիսին և մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 532 հրդեհ, այս տարի արդեն 650-ից ավելի է: Բավական լուրջ աճ ունենք հուլիսի մի քանի շաբաթվա ընթացքում: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ զգույշ լինել, բաց կրակի հետ աշխատանք իրականացնելիս, ծխախոտի մնացորդը, ապակե տարաները և այլ համանման առարկաները դառնում են հրդեհների առաջացման պատճառ: Ցանկացած փոքր կայծից կարող ենք ողբերգական հետևանք ունենալ»,-եզրափակեց Հովհաննես Խանգելդյանը:
