Փաշինյան-Թրամփ հանդիպման համար ԱՄՆ Կոնգրեսում ստորագրահավաք է սկսվել
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարները կոնգրեսականների շրջանում ստորագրահավաք են սկսել նամակի համար, որով կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
«Մենք ոգեշնչված ենք Հայաստանի նոր կառավարության հետ ԱՄՆ-ի առավել սերտ համագործակցության համար ստեղծված նոր հնարավորություններից և միանում ենք մեր կոնգրեսական ընկերներին՝ խրախուսելու ԱՄՆ վարչակազմին ուժեղացնելու մեր երկկողմ կապերը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով փոխշահավետ տնտեսական հարաբերությունների կայուն զարգացման վրա»,- ասել է Հայ դատի ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
«Պարո՛ն նախագահ, մենք կոչ ենք անում Ձեզ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ այցի ընթացքում»,- ասված է կոնգրեսականների նամակում:
Հեղինակները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն առաջնորդել է հազարավոր հայերի խաղաղ շարժումը, որը ստացել է «Թավշյա հեղափոխություն» անվանումը, ինչի շնորհիվ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը ստիպված է եղել հրաժարական տալ:
«Խաղաղ իշխանափոխությունը վկայում է ավելի արդար և ավելի ժողովրդավարական պետության ուղղությամբ հայ ժողովրդի հանձնառության մասին: Այն ժամանակ, երբ Հայաստանը ցանկանում է ուժեղացնել կառավարման թափանցիկությունը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և հզորացնել քաղաքացիական հասարակությունը, չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները խորացնի իր կապերը տարածաշրջանային այս գործընկերոջ հետ բոլոր մակարդակներում: Անկասկած, վարչապետ Փաշինյանի հետ Ձեր հանդիպումը կնպաստի այս նպատակի համար առաջընթացի գրանցմանը և մեր երկրների միջև երկխոսության ուժեղացմանը»,- ասված է նամակում:
Ամերիկացի կոնգրեսականները նաև կոչ են արել Դոնալդ Թրամփին հանդիպումներ կազմակերպել ամերիկացի ու հայ նախարարների միջև՝ նոր կապերի հաստատման և հայ-ամերիկյան հարաբերությունների հարցերի քննարկման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը Պետքարտուղարության գործընկերների հետ քննարկման օրակարգում է:
