ԱՄՆ-ն կարող է մաքսատուրքեր սահմանել ԵՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հուլիսի 25-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցությունների տապալման դեպքում Վաշինգտոնը կարող է մաքսատուրքեր սահմանել ԵՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար, հայտնում է Politico-ն:
ԱՄՆ նախագահն անդրադարձել է այդ թեմային հայրենական արտադրանքի առաջխաղացմանը նվիրված համաժողովի ժամանակ, որին մասնակցել են ամերիկյան արդյունաբերության ներկայացուցիչները:
«Եվրամիությունը շատ կոշտ դիրքորոշում է զբաղեցնում Միացյալ Նահանգների հանդեպ: Նրանք ինձ մոտ կգան չորեքշաբթի, և մենք կտեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք կարգավորել դա: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք մի բան անել նրանց միլիոնավոր ավտոմեքենաների հետ, որոնք ամեն տարի ուղարկվում են այստեղ: Բայց գուցե մենք մի բան մտածենք…»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի ԵՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար, եթե Եվրամիությունը չվերացնի ամերիկյան ընկերությունների նկատմամբ առևտրային արգելքները: Նա նաև կոչ է արել եվրոպացի ավտոարտադրողներին իրենց գործարանները կառուցել ԱՄՆ տարածքում:
Bloomberg գործակալությունը հայտնել է, որ ԵՄ-ից ավտոմեքենաների և ավտոմասերի համար մաքսատուրքերը, որոնց սահմանմամբ սպառնացել է Թրամփը, կարող է ազդել 300 միլիարդ դոլարի արտադրանքի վրա և պատասխան քայլերի արժանանալ:
