Ջոկովիչի մարզիչը պատմել է՝ ինչ պայմաններով է վերսկսել թենիսիստի հետ համագործակցությունը
Ուիմբլդոնի չեմպիոն Նովակ Ջոկովիչի մարզիչ Մարիան Վայդան պատմել է, թե ինչպես է ապրիլին սերբ թենիսիստի հետ համագործակցությունը վերսկսելու որոշում կայացրել:
Վայդան նշել է, որ համագործակցության վերսկսման առանցքային պայմաններից են եղել բուդդիստ Պեպե Իմասին թենիսիստի թիմից հանելը և սննդակարգի փոփոխությունը.
«Նովակն ինձ զանգահարեց Դոմինիկյան Հանրապետությունից, որտեղ մեկնել էր Մայամիի մրցաշարում Պերին պարտվելուց հետո: Մենք գրեթե մեկ ժամ զրուցեցինք: Նա չէր հասկանում, թե ինչպիսի թենիս պետք է խաղա: Համոզված չէր, որ Աղասին և Շտեպանեկը կարող են օգնել իրեն: Նովակն ասաց, որ կարծում է՝ իրեն պետք է ես մարզեմ:
Մինչ այդ ես մի քանի անգամ զրուցել էի Շտեպանեկի հետ և գիտեի, որ նա շատ է ցանկանում օգնել Նովակին: Նա և Աղասին շատ էին աշխատում Ջոկովիչին ճիշտ ուղի վերադարձնելու համար, սակայն ժամանակը հարմար չէր: Բոլորը ցանկանում էին հաջող համագործակցություն, բայց այնպես ստացվեց, որ համատեղ աշխատանքը ոչ մի կողմի համար օգտակար չեղավ: Նովակը կարծում էր, որ Աղասիի ամերիկյան մտածելակերպը շատ է տարբերվում սլավոնականից, ինչն էլ խանգարում է աշխատանքին:
Ես 4 օր մտածելու ժամանակ խնդրեցի: Ի վերջո, ինձ ընտանիքս համոզեց վերսկսել աշխատանքը: Նրանք ասացին, որ ցանկանում են Նովակին բարձունքում տեսնել և օգնեցին հասկանալ, որ ես էլ իսկապես ցանկանում եմ այս աշխատանքը:
Այո՛, ես ցանկանում էի, որ Նովակը դադարեցնի Պեպե Իմասի հետ աշխատանքը, սակայն դա միակ պահանջը չէր: Առաջին հերթին ցանկանում էի անձամբ հանդիպել, ապա առաջիկա ծրագրերը կազմել և հստակ կանոններով առաջ գնալ: Մենք հանդիպեցինք Բարսելոնայում, և ես ասացի, որ արդյունավետ չի լինի, եթե կրկին կորտից դուրս ինչ-որ մարդիկ նրա վրա ազդեցություն ունենան: Թենիսը չի կարող հիմնվել փիլիսոփայության վրա: Սա սպորտաձև է, դու պայքարում ես կոնկրետ մրցակցի դեմ:
Եթե ցանկանում ես լինել լավագույնը, պետք է քրտնաջան աշխատես, դառնաս հոգեբանորեն ավելի ուժեղ, շատ խաղերի մասնակցես: Երբ քո դիմաց մրցակից կա, դու մտածում ես ոչ թե Բուդդայի, այլ այն մասին, թե որտեղ ուղարկես գնդակը: Մենք ընդհանուր հայտարարի եկանք և առաջ շարժվեցինք, ինչի շնորհիվ էլ հաջողվեց հաղթել Ուիմբլդոնում:
Ջոկովիչը թենիսի համար իդեալական մարմին ունի, սակայն անհրաժեշտ էր ամրացնել նրա մկանները: Նովակը բուսակեր է, սակայն նրան նաև կենդանական սպիտակուց էր հարկավոր, ուստի սննադակարգում ևս փոփոխություններ կատարեցինք, և Նոլեն սկսեց ավելի շատ ձուկ օգտագործել : Հիմա նա իդեալական մարզավիճակում է և անում է այն ամենը, ինչ պահանջվում է չեմպիոնից: Հույս ունեմ՝ նույն ոգով կշարունակենք մինչև ԱՄՆ-ի Բաց առաջնություն»,- ասել է Վայդան «sport.aktuality»-ին տված հարցազրույցում:
