Դիմում-բողոքներն այս տարի նվազել են, ավելացել են զինակոչիկների՝ վարչապետին հասցեագրված դիմումների քանակը. Գ. Հարությունյան
Այս զորակոչը կարծես նորարարությունների զորակոչ լինի, ինչը պայմանավորված է «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքով նախատեսած դրույթների հետ: Այսօր ՊՆ հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ բրիֆինգում նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի համակարգող Գեղամ Հարությունյանը։ Նա նշեց, որ արդեն իսկ սահմանված է փորձաքննության նոր կարգ, որով փոփոխություններ են կատարվել տարբեր հիվանդությունների փորձաքննության չափանիշների մեջ:
«Նորություններից մեկն այն է, որ սահմանվել է ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով, ինչը նշանակում է, որ նրանք պարապմունքների ավելի ցածր ծանրաբեռնվածություն են ունենալու, հանգստի՝ ավելի երկար ժամանակ: Իհարկե, կարող են ընդգրկվել պահակային ծառայության մեջ՝ զորամասի տարածքի պահպանություն, ի վերջո, 6 ամիսը մեկ ծառայության ընթացքում փորձաքննություն է կատարվելու»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ այլ նորամուծություններ կան նաև կազմակերպչական առումով. 20 զինկոմիսարիատների բազայի վրա ստեղծվել է 7 խոշոր զինկոմիսարիատ, 5-ը՝ մարզերում, 2-ը՝ Երևանում: Նրա կարծիքով՝ զորակոչի մեջ ներմուծված նորարարություններն իրենց հերթին ենթադրում են կիրառություն արդեն բուն ծառայության ընթացքում: Այս համատեքստում նա կարևորում է 2 վարչությունների՝ ԶՈւ-ի ռազմաբժշկական վարչության և ԶՈւ անձնակազմի հետ վարչության աշխատանքը:
«Մեր հասարակական խորհուրդը ևս իր դիտարկման տակ է վերցնելու մի շարք խնդիրներ, մասնավորապես, շատ կարևոր է այն փոփոխությունների դիտարկումը, որոնցով նախկինում տարկետում ստացող զինակոչիկներն այժմ հայտնվում են ծառայության մեջ: Կարևոր է, թե ինչպես են նրանք հարմարվելու ծառայությանն առողջական տեսանկյունից, ինչպիսին է լինելու նրանց բարոյահոգեբանական վիճակը, այս խնդիրը պետք է անպայման ուսումնասիրվի: Եթե բացահայտվեն խնդիրներ, որոնք անհամատեղելի կլինեն այդ փոփոխությունների հետ, ապա այլ փոփոխություններ կլինեն»,- նշեց Գեղամ Հարությունյանը:
Վերջինս հավելեց, որ իրենց հասած բողոքների զգալի հատվածը կապված է հիմնականում առողջական խնդիրներ ունենալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հետ:
«Այս պահին ունենք 116 դիմում-բողոք, որից 109 լսել ենք, միայն մեկ դիմում է, որ առողջական վիճակին չի առնչվում: Դիմում-բողոքներն անցած տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած փոքր-ինչ նվազել են՝ անցած ամառային զորակոչին ունեինք 162 դիմում-բողոք: Մի դիտարկում էլ անեմ՝ այն օրինաչափությունը, որ կար նախկինում, այսինքն՝ մարզերից ստացված դիմումները գերակշռում էին՝ 60-40 հարաբերակցությամբ, փոխվել է, քանի որ որքան ծանոթանում եմ դիմումներին, տեսնում եմ, որ Երևանից ստացած դիմում -բողոքներն այս զորակոչին գերակշռելու են մարզերից ստացած դիմում-բողոքներին»,- ներկայացրեց նա:
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի համակարգողը չբացառեց, որ դիմում-բողոքների նվազման պատճառը կարող է լինել հասցեատիրոջ փոփոխությունը: Նրա խոսքով՝ այս տարի վարչապետին բավականին մեծ թվով դիմում բողոքներ են հղվել, ինչը նախկինում չի եղել: Ըստ Հարությունյանի՝ դիմումների 40 տոկոսի դեպքում իրենք միջնորդություն են ներկայացրել հավելյալ փորձաքննության համար:
