Թերեզա Մեյը պատմել է, թե ինչպես է լիցքաթափվում իր՝ «աշխարհի ամենասթրեսային» աշխատանքից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստովանել է, որ իր աշխատանքն «աշխարհի ամենասթրեսային գործն» է, և ժամանակ առ ժամանակ նա այդ ամենից լիցքաթափվելու կարիք է ունենում։
Sky News-ին տված հարցազրույցում Մեյը պատմել է սթրեսի դեմ պայքարի իր միջոցների մասին։ Նա նշել է, որ սիրում է զբոսանքներ, ինչպես նաև երբեմն նախընտրում է պատրաստել խոհանոցում։
«Ես սիրում եմ զբոսանքներ․ երբ մենք հաջողում ենք հանգստյան օր վերցնել՝ դուրս ենք գալիս զբոսանքի։ Ես սիրում եմ պատրաստել, բացի այդ՝ պատրաստելն օգտակար է, սնունդը կարելի է ուտել», - ասել է Մեյը։
Պարզվել է, որ բրիտանացի գործիչը նաև «Ծովային ոստիկանություն» ամերիկյան հեռուստասերիալի երկրպագու է։ Այն բազմասերիանոց դետեկտիվ է, որը պատմում է ամերիկացի ծովայինների հանդեպ կամ հենց նրանց կողմից իրականացված հանցանքների բացահայտման մասին։
