Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստ. օրակարգում է նաև Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը (տեսանյութ)
Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը, որի օրակարգի 8 հարցերից է Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը:
Ուշագրավ է, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու բոլոր 14 անդամներն էլ Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցներ են եղել, իսկ նրանցից մեկը՝ Արման Գրիգորյանը, հենց Մանվել Գրիգորյանի որդին է:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ էր հրապարակել ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրա սեփականություն հանդիսացող հանգստյան գոտում իրականացված խուզարկությունից, որում ասվում էր, որ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր։
Հունիսի 19-ին 81 կողմ, 3 դեմ ձայներով Ազգային ժողովը բավարարել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությունը, այնուհետև 77 կողմ, 3 դեմ ձայներով զրկել նրան անձեռնմխելիությունից։ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր։
