Հայաստանում չկա բանավիճելու կուլտուրա, կառավարության անդամների հրապարակումը նախընտրական փուլում դառնալու է շոու. Սպարտակ Սեյրանյան (տեսանյութ)
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն արդյունավետ չի համարում «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում ավելացնել դրույթ նախընտրական շրջանում կառավարության կազմը հրապարակելու մասին:
«Կիսելով ձեր բարի ցանկությունը՝ չեմ կիսում ձեր լավատեսությունը: Օրենքի ուժով պարտադրանքի պարագայում այս առաջարկը չի կարող դառնալ որակյալ: Սա կապվելու է բանավեճերի հետ, հակառակ դեպքում ոլորտային նախարարների ներկայացումը ոչինչ չի տա: Պետք է նախարարի թեկնածուները բանավիճեն, որ պարզ լինի, թե ով ինչ է ներկայացնում: Բոլորը պետք է բանավիճեն, բայց քիչ է բանավիճելը, դրա արդյունքը կախված է վերլուծական որակի ազդեցությունից»,- ասաց նա:
Ըստ Սպարտակ Սեյրանյանի՝ անհրաժեշտ է վերլուծական մեծ աշխատանք, որպեսզի բանավեճերը մարդկանց հասկանալի լինեն:
«Մեկը գալիս է՝ ասում է, ես կգամ նախարար, կդարձնեմ բոլոր վիրահատությունները անվճար, մյուսն էլ հասկանում է, որ դա հնարավոր չէ, բայց այդքան պոպուլյար չի դառնում, որքան առաջինը: Երբ չկա վերլուծական հանրույթ, մարդիկ չեն կարողանալու կողմնորոշվել: Հիշում եմ մարդկանց, ովքեր բաժակաճառերի նման ասում էին, թե կգան իշխանության, թոշակը կբարձրացնեն, հիշում եմ, որ գալիս ասում էին, թե Ջերմուկով կպահեն Հայաստանը, բայց չկար վերլուծական հանրույթ, որը կասեր, որ սոցապ նախարարները ֆոկուսնիկ են ու ստախոս»,- նշեց ՀՅԴ-ականը:
Սեյրանյանը նշեց, որ եթե որակյալ բանավեճ չկազմակերպվի, դա կդառնա շոու:
«Երանի թե քաղաքական ուժերը կառուցեին նախընտրական ծրագրեր առողջապահական, կրթական, սոցիալական ոլորտներից ելնելով, բայց երբ պարտադրում ենք օրենքով, որ հրապարակեն, մենք փչացնում ենք լավ ցանկությունը: Ցանկացած առաջարկ պետք է համապատասխանի հասարակության ու քաղաքական ուժերի զարգացվածության համակարգին: Հասարակությունն էլ պետք է այդպես ինձ չափի՝ որակյալ բանավեճերով, որակյալ ծրագրերով: Չկա կուլտուրա բանավիճելու, շոու է դառնալու»,- ընդգծեց Սպարտակ Սեյրանյանը:
Նա ասաց, որ երկրում ամեն առավոտ արթնանում է 3 միլիոն սպորտի, մշակույթի նախարար, վարչապետ, փոխվարչապետ, այդ հանրությանը նման մշակույթ ներմուծելը շատ բարդ է լինելու:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ ավելի համոզվեց, որ առաջարկը ճիշտ է: «Սա բարի ցանկությունների շարքից չէ, սա համակարգաստեղծ առաջարկություն է»,- հավելեց Խ. Հարությունյանը: ՀՀԿ-ական պատգամավորը հարց տվեց՝ իսկ առանց այս առաջարկի նախընտրական մրցապայքարը շոու չէ՞, խոստումների կույտ չէ՞:
