Կահիրեի կենդանաբանական այգիներից մեկում ավանակներին ներկել ու որպես զեբր են ներկայացրել (լուսանկար)
Կահիրեի կենդանաբանական այգիներից մեկում աշխատակիցներն այցելուներ գրավելու նպատակով սևուսպիտակ գծերով են ներկել ավանակներին՝ նրանց որպես զեբր ներկայացնելով։
Ինչպես գրում է korrespondent.net-ը, խաբեությունը նկատել է այգի այցելած դպրոցականներից մեկը։ Նա նկատել է, որ «զեբրերի» գծերն, այսպես ասած, հալվել են։
Բանն այն է, որ սաստիկ շոգի պատճառով օգտագործված ներկը սկսել է լղոզվել ու հոսել, դա նկատելի է եղել կենդանիների դեմքի ու մարմնի հատվածում։
9-րդ դասարանի աշակերտը մի քանի լուսանկար է արել ու սոցցանցերում հրապարակել «կեղծ զեբրերի» պատկերները։ Արդյունքում լուսանկարները հավաքել են հարյուրավոր հավանումներ ու հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Շուտով անասնաբույժները հաստատել են, որ «զեբրերն» իրականում ավանակներ են, թեև կենդանաբանական այգու տնօրենը շարունակում է պնդել, որ «զեբրերն» իրական են։
