Արբանյակից արված լուսանկարները փաստում են, որ Կիմ Չեն Ընն ապամոնտաժում է միջուկային օբյեկտները (լուսանկարներ)
Արբանյակից արված նոր լուսանկարները փաստում են, որ Հյուսիսային Կորեան սկսել է երկրի գլխավոր միջուկային կայանի ապամոնտաժման աշխատանքները, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ դա արվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի միջև պատմական սինգապուրյան հանդիպման շրջանակում Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն:
Արբանյակային լուսանկարներն արվել են հուլիսի 20-ին և 22-ին: Դրանցում հստակ երևում է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկան համար հարթակներն ապամոնտաժվել են, համապատասխան տեխնիկան պահեստավորվել է:
Դատելով արված աշխատանքի ծավալից՝ մասնագետները ենթադրում են, որ ապամոնտաժման աշխատանքներն ընթանում են մոտ երկու շաբաթ:
Տիեզերքից արված կադրերում նաև երևում է, որ մասամբ ապամոնտաժվում են վառելիքի պահեստավորման համար թաքստոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացի համար որևէ ժամանակային սահմանափակում չկա: Նա նաև կեղծ էր անվանել որոշ լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ինքը դժգոհ է ապամիջուկայնացման գործընթացի դանդաղ առաջխաղացումից: Թրամփի պնդմամբ՝ Փհենյանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում:
