Նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ. Կնյազ Սարոյան
Նոր ուղեգորգերի ձեռքբերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով: Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը դեռևս Ազգային ժողովում են, ցանկացած պահի լրագրողները կարող են տեսնել դրանք:
Այս մասին գրել է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը՝ Facebook-ի իր էջում։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ-ը դեռ մայիս ամսին ուղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել։
«Ձեռք բերված ուղեգորգերի մի մասը դեռևս այս տարվա ապրիլի 9-ին օգտագործվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ:
Ինչ վերաբերում է նկատառմանը, թե գնման փաստաթղթերի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը, ապա տեղեկացնում ենք, որ Գագիկ Մխեյանը գնումների կազմակերպման նպատակով գործող հանձնաժողովի նախագահն է և տրամաբանական է վերջինիս ստորագրության առկայությունը:
Ի հավելումն նշենք, որ խոսքը ոչ թե 600 հատ ուղեգորգի, այլ 600 քմ ուղեգորգի մասին է, որի 1քմ-ն արժե 8500 դրամ»,-հավելել է լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարը:
