Թուրքիայի «Երկաթյա լեդիի» կողմնակիցներն անձրևի տակ նստացույց են անում նրա տան դիմաց՝ խնդրելով չհեռանալ քաղաքականությունից (լուսանկարներ)
Թուրքիայի նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության անդամները նստացույց են սկսել կուսակցության հիմնադիր ու առաջնորդ Մերալ Աքշեների տան դիմաց՝ խնդրելով չհեռանալ կուսակցության նախագահի պաշտոնից և շարունակել պայքարն իշխանությունների դեմ, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Աքշեները պատրաստվում է լքել «Լավ» կուսակցության ղեկավարի պաշտոնը՝ իր վրա վերցնելով խորհրդարանական ընտրություններում կրած անհաջողության պատասխանատվությունը։
Կուսակցությունը փակ ժողովի ընթացքում արտահերթ համագումարի որոշում է կայացրել, իսկ Աքշեներն իր թվիթերյան էջում հայտնել է, որ սպասվող համագումարին որպես կուսակցության նախագահի թեկնածու հանդես չի գա։
Աքշեների կողմնակիցները որոշման հայտնի դառնալուց ի վեր նստացույց են սկսել կին քաղաքական գործչի տան դիմաց, նստացույցը շարունակվել է նաև այս գիշեր՝ չնայած հորդառատ անձրևին։
Նշվում է, որ որոշ մարդիկ անգամ ձեռնաշղթաներով կապել են իրենց տան պատուհաններին ու հայտարարել, որ չեն հեռանա, մինչև Աքշեները չփոխի իր որոշումը։
Հայտնի է, որ Թուրքիայի «Երկաթյա լեդին», լսելով կուսակիցների պահանջները, խնդրել է 72 ժամ տալ իրեն որոշումը վերանայելու համար։
