Մերկելը, Մեյն ու Յունկերը նկարահանվել են Իսպանիայի նախկին վարչապետի մասին «ջերմ» տեսանյութում (տեսանյութ)
Իսպանիայի ժողովրդական կուսակցության (ԺԿ) կողմնակիցներն ուրբաթ տեսանյութ են ներկայացրել՝ նվիրված երկրի նախկին վարչապետ, քաղաքական ուժի նախագահ Մարիանո Ռախոյին, որը լքում է պաշտոնը, գրում է korrespondent.net-ը՝ հավելելով, որ այսօր անցկացվում է կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ կընտրվի կուսակցության նոր նախագահ։
Մինչ ելույթ ունենալը՝ հավաքվածները թագավորության նախկին վարչապետին են ներկայացրել իր գործունեության մասին պատմող տեսանյութ։ «Դու Իսպանիան վերածեցիր առավել հուսալի երկրի»,- լսվում է կադրում։
Այնուհետ Իսպանիայի նախկին վարչապետի հասցեին ջերմ խոսքեր են ասում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, այլ քաղաքական գործիչներ։
Ելույթ ունենալով հավաքվածների առաջ՝ Ռախոյը երախտագիտություն է հայտնել իր կուսակիցներին։ Նա նաև անդրադարձել է կատալոնյան ճգնաժամի կարգավորման հարցին՝ ընդգծելով, որ դա հեշտ բան չէր։
Նշենք, որ Ռախոյի գլխավորած կառավարությանը հունիսի սկզբին անվստահություն են հայտնել, ինչից հետո նա հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին, որը գլխավորում է 2004 թվականից։
