Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հսկայական պաշարը ոչ պոպուլյար քայլերի հնարավորություն է տալիս. Աղասի Ենոքյան
Առաջին անգամ հայտարարվեց, որ Վրաստանը կսկսի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը: Հայաստանին հարևան Վրաստանում տեղի ունենալիք այս փոփոխությունները չեն կարող չհետաքրքրել: Այս մասին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Կստեղծվի մի իրավիճակ, երբ մենք շրջապատված կլինենք ՆԱՏՕ-ական երկրներով: Սա կարևորում է Հայաստանի դերը ՌԴ համար, մենք դառնում ենք կարևոր հենակետ»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ մոտեցում կար և այս տեսանկյունից կարևոր էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ղարաբաղյան հարցում Արևմուտքն ունի կարևոր դեր. «Մինչև հիմա մենք վախենում էինք, որ պրոռուսական քաղաքականություն է վարվում, իսկ հիմա հայտարարվեց, որ Արևմուտքն էլ ունի իր կարևոր դերը»:
Ենոքյանն ասաց, որ կարևոր էր նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ժողովրդավար Հայաստանին պետք է աջակցություն լինի՝ ի տարբերություն տոտալիտար Ադրբեջանի:
«Եվրոպան հետաքրքրված է Հայաստանով, ասում են՝ հետաքրքիր բան արեցիք, խաղաղ հեղափոխություն արեցիք, հաստատեցիք ժողովրդավարություն: Առայժմ սա է, իսկ քայլերին պետք է սպասենք: Փոփոխություն է եղել երկրում, սա չի կարող իրենց աչքից վրիպել: Հայաստանն ամբողջովին նոր իմիջով է ներկայացնում, լեգիտիմության հսկայական պաշարը, որն ունի Նիկոլ Փաշինյանը, ոչ պոպուլյար քայլերի հնարավորություն է իրեն տալիս: Հակառակ դեպքում դա կհանգեցներ խնդիրների»,- նշեց Աղասի Ենոքյանը:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ՌԴ-ն խանդում է, որ Հայաստանը հարաբերություններ է ձևավորում ՆԱՏՕ-ի հետ, ապա Ենոքյանն ասաց, որ գուցե իսկապես նման բան կա, բայց բոլորն էլ հասկանում են, որ պետությունների հարաբերությունները «ոչ թե բարկությամբ, խանդով, այլ ազգային շահերով են պայմանավորված»:
«ՌԴ-ն կանգնած է լուրջ աշխարհաքաղաքական խնդիրների առաջ: Ուկրաինայի հարցում փակուղի է, Սիրիայի հարցում հաջողությունները մեծ չեն: Եթե ՌԴ-ին հաջողվի ենթադրյալ պատերազմ կանխել, այն ավարտելու հետևանքով զորքեր տեղակայել Ղարաբաղում, դա կներկայացվի որպես հաղթանակ»,- նշեց նա:
