ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ ԼՂ հակամարտության մասին որևէ հիշատակում չկա. Ա.Աշոտյանը կոչ է անում չշտապել գնահատականներ տալ
ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան գործընկերության գերակայությունների փաստաթղթում ԼՂ հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումների մասին ադրբեջանական լրատվամիջոցների գնահատականներին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«ԵՄ֊Ադրբեջան Գործընկերության գերակայություններ փաստաթղթում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ եղած ձևակերպումներին այս պահին կգերադասեմ չանդրադառնալ, քանզի՝
1.ԵՄ֊ի կողմից տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին որևէ հիշատակում չկա։
2. Թեման արծարծում են բացառապես ադրբեջանական զլմները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ֊ի մամլո հաղորդագրություն վրա։ Այն հիշատակում է փաստաթղթի առաջին հոդվածը՝ շեշտելով բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, սակայն կարծում եմ, որ փաստաթղթում առկա են առավել հավասարակշռված ձևակերպումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որոնք հատուկ են ԵՄ պաշտոնական դիրքորոշմանը։
3. Փաստաթղթի ամբողջական տեքստը հասանելի չէ այս պահին ԵՄ ինստիտուտների կայքէջերում։
Ամփոփելով վերոհիշհալը՝ կառաջարկեի չտարածել ադրբեջանական մամուլի հրապարակումները, չշտապել գնահատականներ տալ և հարցին անդրադառնալ ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո»:
