Հույս կա, որ կեղծիքներ չեն լինի, ՀԺԿ-ն հակված է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. Գրիգոր Հարությունյան
Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունը հակված է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
«Մասնակցելու ենք: Որպես այդպիսին որոշում չենք կայացրել, բայց տրամադրված ենք մասնակցելու»,- նշեց Հարությունյանը: Թե ինչ ֆորմատով կմասնակցի կուսակցությունը՝ դաշինքո՞վ, թե՞ միայնակ, քարտուղարը չպատասխանեց, միայն ասաց, որ ժամանակը ցույց կտա:
«Հայաստանում նոր իշխանություններ կան, և համոզված ենք, որ ընտրություններն այս անգամ կանցնեն մաքսիմալ ազատ, արդար ու թափանցիկ, չեն լինի այն այլանդակ երևույթները, որոնք եղել են նախկինում»,- ասաց Գրիգոր Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա Հարությունյանը նշեց, որ դա այլևս այդքան էլ կարևոր չէ, եթե իշխանության ղեկին մի ուժ է, որն իսկապես ազատ ընտրությունների անցկացման է ձգտում:
Ընտրական շեմի նվազումն էլ, նրա խոսքով, էական չէ, բայց լավ է, որ խորհրդարանում դրա արդյունքում ավելի շատ քաղաքական ուժեր կներկայացվեն: «Թող խորհրդարանն առավել բազմաբևեռ լինի, շատ լինեն կուսակցությունները, ճիշտը դա է. հասարակությունն ավելի բազմաբևեռ կներկայացվի»,- հավելեց նա:
Հարցին՝ ՀԺԿ-ն ունի նախկին մարդկային ու ֆինանսական ռեսուրսները լայն թափով ընտրություններին մասնակցելու համար, Գրիգոր Հարությունյանը պատասխանեց. «Կփորձենք: Կարևոր է, որ հիմա փոխվել է մթնոլորտը՝ հույս կա, որ խախտումներ չեն լինի, կեղծիքներ չեն լինի: Այս ամենը դրական է: Ինչ խոսք, ժամանակի ընթացքում, մեր ակտիվ զանգվածը երկրից դուրս է եկել անարդարության, կեղծիքիների պատճառով, բայց հույս ունենանք, որ լավ կլինի»: