Ուրֆայում ազգայնականները թուրքական դրոշով ծածկել են նախագահի քուրդ թեկնածուի պաստառը (տեսանյութ)
Թուրքիայի Ուրֆա քաղաքում մի խումբ ազգայնականներ թուրքական դրոշով ծածկել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի պատկերով նախընտրական պաստառը։
Տեսանյութը տարածվել է համացանցում։ Այն ներբեռնած YouTube-ի մի քանի ալիքների հետևորդներից շատերը տեղեկացրել են, որ Դեմիրթաշի նկարը ծածկող երիտասարդներն, ամենայն հավանականությամբ, նույնպես քուրդ են եղել։
Օրեր առաջ էլ Ուրֆայում քրդամետ կուսակցության աջակիցների ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավորի թեկնածուի ու նրան ուղեկցող խմբի միջև զինված բախման հետևանքով մահացել էր 4 մարդ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվա տվյալներով՝ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամներն արդեն 57 անգամ հարձակման են ենթարկվել երկրի տարբեր քաղաքներում։ Նախընտրական քարոզչություն իրականացնելիս ձերբակալվել է 208 կուսակցական։
Նախընտրական քարոզարշավը Թուրքիայում մեկնարկել է ապրիլի 18-ից, արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 24-ին։
