«168 ժամ». Մ. Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր փաստաթղթեր է պահանջում՝ պարզելու հայտնաբերված պարագաների մատակարարման աղբյուրը
«Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով քննող մարմինն ամեն օր Պաշտպանության նախարարությունից տեղեկատվություն և փաստաթղթեր է պահանջում՝ պարզելու ամառանոցում ԱԱԾ-ի հայտնաբերած սննդի, հագուստի և այլ պարագաների մատակարարման աղբյուրը: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ պահանջվող ամբողջ տեղեկատվությունը տրամադրվում է ՊՆ-ի կողմից:
Մեր հարցին, թե ՊՆ ո՞ր ստորաբաժանումն է պատասխանատու բաշխումների համար, Ա. Հովհաննիսյանը պատասխանել է, որ, ինչպես օրեր առաջ է ասել, ամեն ինչ կախված է նրանից, թե այդ իրերը որտեղից են հայտնվել: Ըստ նրա՝ ԵԿՄ-ն այդ իրերն ու առարկաները ստացել է տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև պաշտպանության բանակից, երբ 2016 թ. մի քանի ամիս կամավորական միության անդամներով կազմել էր ստորաբաժանում և Արցախում մարտական հերթապահություն էր կատարում. «Հիմա մենք հստակ գիտե՞նք արդյոք այդ պահածոները որ թվին և որ մատակարարված խմբաքանակից են: Չգիտենք: Երբ քննող մարմինը դա կհասկանա, հարց կտա, մենք կպատասխանենք: Իրենք օրական ինչ-որ փաստաթղթեր պահանջում են և հստակ ստանում են այդ պատասխանները, թե տարեկան ինչ է տրվել, ոնց է տրվել և ինչ հրամաններով է տրվել»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ա. Հովհաննիսյանը հայտարարել էր նաև, որ ԵԿՄ-ն արդեն 20 տարուց ավելի պահեստազորի ակտիվ բանակումներ է իրականացնում, ստանում տարբեր տեսակի պիտույքներ:
ՊՆ այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել, որ իր ղեկավարման ժամանակ ՊՆ աշխատակիցներ լինեն ներգրավված բանակի միջոցները Մանվել Գրիգորյանին տրամադրելու գործում: «Իհարկե տեղյակ չեմ եղել դրա մասին, բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ և համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է դա հայտնվել իրենց կառույցներում, իրենց տանը՝ դրա համար պատասխանատվությունը կրում են այն օղակները, որոնք որ անմիջապես բաշխում են իրականացնում ստորաբաժանումների և զորամասային օղակներում և, իհարկե, այն մարմինները, որոնք պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնեն»,- ասել էր Օհանյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
