Մենք չենք կարող 3 տարի հետո վերադառնալ սոցիալական ծախսերի նույն մակարդակին, ինչ որ հիմա կարող ենք ստանձնել. Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մինչ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղելը նշեց, որ փաստացի ստացվում է, որ Հայաստանում 2017 թվականին ակնկալվում էր ունենալ 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն արձանագրվել է 7.5 տոկոս:
«Այսինքն՝ 4,3 տոկոս գերակատարվել է, որը բյուջեով նախատեսված չէր: Այդ չնախատեսված մասը, ընկալում ենք, որ գումարներ են իրենցից ներկայացնում, և այսինքն՝ մոտավորապես մի 50 միլիարդի չափ պետք է գար»,-ասաց նա: Ապա պատգամավորը հարցրեց, թե որքան է բյուջե եկել:
Բացի այդ նա նշեց՝ որպեսզի այդ աճի որակը գնահատեն, կցանկանար իմանալ, թե քանի սուբյեկտ է մասնակցել աճի ձևավորմանն առավելապես: Ֆինասների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ 110 մլրդ դրամ 2016-թ-ի հետ համեմատած 2017թ-ին հարկային երկամուտների մասով ավելին է եղել:
«Հասկանալի է, որ 7,5% աճ ասում ենք իրական աճին, բայց աչքի տակ պետք է ունենանք, որ հարկերն առաջանում են ՀՆԱ-ի անվանական մեծությունից, որն աճել է անվանական մեծությունից 9,8%-ով, իսկ հարկերը աճել են 10,7%-ով, այսինքն՝ ունեցել ենք 0,4%-ով հարկեր-ՀՆԱ ցուցանիշի բարելավում»,-ասաց նա: Իսկ թե քանի սուբյեկտ է մասնակցել առավելագույնը, նախարարը նշեց, որ կդժվարանա այս պահին պատասխանել:
Միքայել Մելքումյանն արձագանեց, որ 110 մլրդ դրամը տարբեր գործոնների հաշվին է եղել, ինչպես օրինակ՝ վարչարարության բարելավման, օրենսդրության փոփոխության: «Այնուամենայնիվ, հավելավճարի մասին է խոսքը, և եթե դուք չեք կարող ասել, ուրեմն, ԿԲ ներկայուցուցիչներից կփորձեմ իմանալ»,-ասաց նա և նաև հարցրեց, թե քանի տարի է անհրաժեշտ, որ անդրադարձ լինի թոշակների, աշխատավարձերի բարձրացման խնդրին:
Նախարարն ասաց, որ 2016 թ-ին զրոյական աճ է եղել, իսկ 2017 թ-ին 7,5% աճ է եղել: «Հիմա ի՞նչ եք կարծում. Ենթադրենք՝ 15-20 մլրդ դրամ ավելի է եղել, քան պետք է լիներ, կարո՞ղ ենք երկարաժամկետ սոցիալական պարտավորություն ստանձնել: Մենք չենք կարող 3 տարի հետո հետ վերադառնալ սոցիալական ծախսերի նույն մակարդակին, ինչ որ հիմա կարող ենք ստանձնել: Դրա համար այդ հարցի պատասխանն իրար հետ պետք է տանք, երբ կքննարկենք առաջիկա ծրագրերը և համոզվենք, որ եկամուտները կայուն աճ են գրանցում»,-ասաց նա:
