BMW-ն գնորդներին է փոխանցել i8 շարքի 18 նոր հատուկ մոդելի ռոդսթերները (լուսանկար)
Գերմանական BMW ընկերությունը հատուկ միջոցառում է կազմակերպել, որի ժամանակ հաճախորդներին է փոխանցել i8 ռոդսթերի հատուկ First Edition սերիայի առաջին 18 օրինակը:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, վերոնշյալ մոդելները համալրվել են հատուկ գործառույթներով և թվային հերթականությունը մատնանշող ցուցանշանով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է 200 նմանօրինակ մեքենա թողարկել:
Սովորական ռոդսթերից First Edition սերիայի մեքենաները տարբերվում են սրահի կերամիկական փոխարկիչներով, ինտերիերի ածխապլաստիկե տարրերով, Harman Kardon աուդիոհամակարգով, ինչպես նաև դռներում և ոտքերի համար նախատեսված տարածքում տեղադրված լուսային պրոյեկտորներով: Մոդելը համալրվել է բեռների պահպանման հավելյալ խցիկով և զրկվել է նստատեղերի երկրորդ շարքից:
Բացի դրանից, BMW i8-ի ընտանիքի մեքենաներն ստացել են նոր լիթիում-իոնային մարտկոցներ, 143 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ: 231 ձիաուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչն անփոփոխ է մնացել: 100 կմ/ժամ արագությունը ռոդսթերը զարգացնում է 4.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ:
