Առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում, իսկ մինչև հուլիսի 10-ը իմ զավակն էլ կզորակոչվի. Դավիթ Տոնոյան
Իմ զավակն էլ է գնալու ծառայելու, կորոշի՝ որտեղ է ծառայելու. Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը որդու՝ Արցախում ծառայելու մասին:
Tert.am-ի դիտարկմանը, թե սա ուղերձ է մյուս պաշտոնյաններին, որ իրենց զավակները ևս կխուսափեն ծառայությունից, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես ոչ մի բան ուղերձի համար չեմ անում: Իմ կարծիքն այն է, որ առաջին հերթին պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում»:
Դավիթ Տոնոյանն ասաց, որ որդին արդեն 18 տարեկան է, և մինչև հուլիսի 10-ը կզորակոչվի: Հարցին՝ կծառայի՞, թե արտոնյալների շարքում կլինի, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ուշադիր կհետևեք, խոշորացույցի տակ»:
Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջիկա տարիները կլինեն համազգային նպատակներ ամրապնդման, հայրենիքի հզորացման և միայն առաջընթացի տարիներ։ «Մյուս հարյուրամյակում հաղթելու ենք և բոլոր դժվարությունները հաղթահարելով»,-ասաց նա:
Թե որոնք են լինելու իր գլխավոր քայլերը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ բարձրացնելու է բանակի մարտունակությունը, և փոխելու է ԶՈւ-ում մենթալիտետը: «Կոռուպցիայի բոլոր ռիսկերը նվազեցվելու են, եթե ոչ չեզոքացվելու»:
Նա անդրադարձավ նաև բանակում ինքնասպանությունների խնդրին՝ նշելով, որ դա սոցիալական խնդիր է և ոչ միշտ է կապված բանակի հետ:
«Զինված ուժերում ինքնասպանությունների ընդհանուր վիճակագրությունը անգամ արհեստավարժ բանակների համեմատ, անգամներ քիչ է՝ հաշվի առնելով զինծառայողների տարիքը և այլն: Բայց շատ աշխատանք կա կատարելու, որպեսզի նվազեցվի»,-ասաց պաշտպանության նախարարը:
Վերջում նա վստահեցրեց, որ հայ զինվորի նման զինվոր չկա աշխարհում. «Հավատացեք ինձ»:
