Ցավոք, դրսևորված միտումնավոր մոտեցումը հակասում է օրվա խորհրդին. Արմեն Աշոտյանը՝ Սարդարապատում միջոցառմանը հրավիրված չլինելու մասին
Հանրապետության օրվա տոնակատարություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հրավիրված չլինելուն անդրադարձել է ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Պատգամավորի գրառումը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։
Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։
Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերաժևորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողություններից»։
Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ֊ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը։
Ու ցավոք, դրսևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե «սիրո և համերաշխության» կոչերին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի ունեցածին արձագանքել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և տեղեկացրել էր, որ ՀՀԿ 58 հոգանոց խմբակցությունից հրավիրված են եղել միայն 3 պատգամավոր՝ Արա Բաբլոյանը, Վահրամ Բաղդասարյանը և Ֆելիքս Ցոլակյանը:
ԱԺ փոխխոսնակներին և հանձնաժողովների նախագահներին հրավեր չի ուղարկվել, իսկ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ՀՀԿ անդամ, այլ ոչ թե որպես ԱԺ նախագահ:
