Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումն ընդունելի չեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիան:
«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր է: Մենք վճռական ենք շարունակելի մեր դերակատարությունը»,- ասաց նա:
Ըստ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին պետք է մոտենալ պրագմատիկ և կրեատիվ ձևով:
«Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր նախաձեռնություն, որ թույլ կտա առաջ գնալ հարցի լուծման ուղղությամբ և պահպանել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում»,- ասաց նա:
Խոսելով Հայաստանում ժողովրդավարության մասին՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիան նշեց, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը:
«Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է: Ոչ թե հարյուրամյակի առթիվ, այլ վերջին դեպքերը նկատի ունեմ: Ես ուզում եմ ողջունել այն պատասխանատվության ոգին, որ դրսևորեցին Հայաստանի քաղաքական ուժերն ու ժողովուրդը, որը թույլ տվեց ընտրել նոր վարչապետ»,- ասաց նա՝ նշելով, որ շատ հպարտ է, որ առաջին բարձրաստիճան անձն է, որ այցելում է նոր Հայաստան՝ հանդիպելու նոր իշխանությունների հետ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Հայաստանի հետ իր երկրի բարեկամական կապերն ունեն զարգանալու պոտենցիալ: «Մենք վճռական ենք զորաշարժի ենթարկել մեր ուժերը»,- ասաց նա՝ նշելով, որ իր այցի ժամանակ Հայաստանի հետ ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր, որ պետք է զարգացնի երկու երկրների միջև առկա կապերը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիան Հայաստան է ժամանել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով: Նա եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և մասնակցել Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
