Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը. Ժան-Իվ Լը Դրիան
Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելով կառուցել իր ժողովրդավարությունը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիան:
«Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է: Ոչ թե հարյուրամյակի առթիվ, այլ վերջին դեպքերը նկատի ունեմ: Ես ուզում եմ ողջունել այն պատասխանատվության ոգին, որ դրսևորեցին Հայաստանի քաղաքական ուժերն ու ժողովուրդը, որը թույլ տվեց ընտրել նոր վարչապետ»,- ասաց նա՝ նշելով, որ շատ հպարտ է, որ առաջին բարձրաստիճան անձն է, որ այցելում է նոր Հայաստան՝ հանդիպելու նոր իշխանությունների հետ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Հայաստանի հետ իր երկրի բարեկամական կապերն ունեն զարգանալու պոտենցիալ: « Մենք վճռական ենք զորաշարժի ենթարկել մեր ուժերը»,- ասաց նա՝ նշելով, որ իր այցի ժամանակ Հայաստանի հետ ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր, որ պետք է զարգացնի երկու երկրների միջև առկա կապերը:
Ժան-Իվ Լը Դրիանը կարևորեց նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: «Կուզենայի նաև հանդիպել այդ համալսարանի ղեկավարներին և ուսանողներին, որովհետև դա խորհրդանիշ է և կարող ենք է տեսնեք, թե էլ առավել ինչ կարող ենք անել»,- ասաց նա:
Նա հիշատակեց, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան է ժամանելու մինչ հոկտեմբերին Երևանում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: «Մենք փոխադարձաբար իրար կօգնենք, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կարևոր միջոցառում պետք է լինի՝ հաշվի առնելով, թե որքան մարդ կգա Երևան»:
Ֆրանսիացի նախարարի խոսքով՝ հայաստանցի իր գործընկերոջ հետ քննարկել են նաև ՀՀ-ԵՄ կապերը: «Ֆրանսիան շատ ներգրավված է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման հարցում»,- ասաց նա նկատելով, որ նման գործընկերություն Եվրամիության հետ Հայաստանն առաջինն է, որ ունենալու է:
