Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձն այլընտրանք չունի, և դա տեղի է ունենալու անկախ ամեն ինչից. Դավիթ Բաբայան (տեսանյութ)
Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձն այլընտրանք չունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը»,-ասաց նա։
-ՀՀ նոր իշխանություններն Արցախյան հարցին անդրադառնալիս նշում են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում, և ո՞ր դեպքում կարող է դա լինել:
-Սա իրատեսական է, և այլընտրանք չունի, որովհետև առանց Արցախի մասնակցության հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը, բայց սա շատ երկարատև գործընթաց է և պահանջելու է և՛ ժամանակ, և՛ քրտնաջան աշխատանք:
Պարզ է, որ Ադրբեջանը, ըստ ամենայնի, խոչընդոտելու է այդ ամենը, անելու է ամեն ինչ, որ դա տեղի չունենա, արդեն իսկ հայտարարություններ են անում, ծիծաղելի են համարում այս մոտեցումը, չնայած դրանով իրենք են հայտնվում ծիծաղելի դրության մեջ:
1993-1994 թթ. Հեյդար Ալիևը խնդրում էր, աղաչում էր, որ ինչ-որ կերպ կապ հաստատի Արցախի իշխանության հետ և փորձի կանգնեցնել պատերազմը, այն ժամանակ դա ծիծաղելի չէր, չէ՞: Մյուս կողմից էլ ակնհայտ էր, որ նրանք ամեն ինչ անելու են, որ գործընթացը ձգձգեն, որ դա տեղի չունենա, բայց անկախ ամեն ինչից դա տեղի է ունենալու:
-Դիվանագիտական պայքա՞ր է մղվելու:
-Ոչ միայն դիվանագիտական պայքար, դիվանագիտությունն այսբերգի միայն վերին մասն է, քաղաքական պայքար է լինելու, հզոր բանակ, որովհետև ի վերջո բանակցություններին մասնակցելու կամ Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելն ինքնանպատակ չէ, մեր գերնպատակը հզոր հայրենիք ունենալն է:
-Պարո՛ն Բաբայան, ՀՀ-ն այսօր նշում է Առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը: Ի՞նչ է Արցախի համար ՀՀ-ի անկախությունը, և ինչպիսի՞ն են անկախության հիմքերը երկու պետության համար:
-Սա շրջադարձային ժամանակահատված է հայ ժողովրդի պատմության մեջ: Արցախը նույնպես տոնում է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա տարեդարձը, սա կարևոր է, որովհետև 100 տարի առաջ վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, մի բան, որը 1915 թվականից հետո հատկապես թվում էր անիրատեսական:
Սարդարապատի հերոսամարտն ու այդ հաղթանակները հիմք հանդիսացան Երկրորդ աշխարհամարտում հաղթանակներ կերտելու, և այդ հաղթանակներից ոգևորված նաև Արցախյան ազատամարտում հաղթանակներ կերտելու համար:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչն է թիվ մեկ գործոնը, որն ամրացնում է հայկական երկու պետությունների անկախության հիմքերը:
-Տարբեր գործոններ կան, կան՝ նյութական և ոչ նյութական: Նյութականն այն է, որ պետք է զարգանա տնտեսությունը, պետք է ինտեգրացիոն գործընթացների բարձր մակարդակը պահպանվի, պետք է ամեն ինչ արվի, որ բանակը լինի ուժեղ, հզոր։ Բայց հաշվի առնելով, որ մենք՝ որպես պետություն, շրջապատված ենք նյութական առումով ուժեղ հակառակորդներով, որպեսզի կոմպենսացնենք մեր նյութական տկարությունը, պետք է լինենք հզոր նաև մեր կամքի, մեր հավատքի մեջ. դա է մեր հաղթանակների հիմքը, որովհետև եթե դրանք չլինեին, չէին լինի մեր հաղթանակները:
Դրա համար հակառակորդը միշտ ցանկանում է տկարացնել մեր ոգին, միշտ ուզում է պառակտել մեզ, սա պետք է բոլորս լավ հասկանանք և թույլ չտանք, որովհետև մեր գրեթե բոլոր պարտությունները եղել են հենց մեր անհամախմբվածության շնորհիվ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
