Վանաձորի սոցիալական ծառայության աշխատակիցն առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն է պահանջել և ստացել
Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը Լոռու մարզի Ազնվաձոր և Բազում գյուղերի բնակիչներից 2008 թ. մինչև 2018 թ. մարտի 26-ը պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն: «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման թղթակիցը հետաքննություն է արել այս թեմայով և պարզել, որ 2018 թ. ապրիլի 10-ին Ազնվաձորում 5 բնակիչ ոստիկանությունում հաղորդում են տվել այն մասին, որ սոցիալական ծառայության տարածքային գործակալության նշված մասնագետն իրենց հասանելիք նպաստը տալու, վճարումը շարունակելու, ինչպես նաև նպաստառուների ցուցակից իրենց դուրս չթողնելու համար պահանջել է ապօրինի վարձատրություն: Հարցաքննված անձանցից ոչ բոլորն են հաստատել գումար տալու հանգամանքը:
Լրագրողի դիտարկմամբ՝ Ազնվաձորում պոտենցիալ նպաստառու են բոլորը: Այն, որ սոցիալական աշխատողը կարող էր նպաստառուներից գումար վերցնել, շատերի մտքով անգամ չի անցել: Եղել են նաև մարդիկ՝ հաստատել են, որ գումար են տվել:
Ներկայանալ չցանկացող մի կին պատմել է, որ նույն աշխատակցին 2 ամսվա ընթացքում 34. 500 դրամ է տվել: Ընդ որում, թե´ Ազնվաձորում, թե՛ Բազում գյուղում, սոցիալական աշխատողը գումար է ստացել առձեռն և փոստային օպերատորների միջոցով: Սոցիալական աշխատողին են փոխանցել տվյալ տարվա մեկ կամ երկու ամսվա գումարը: Ազնվաձորի փոստային օպերատորը օրինազանցությանն իր մասնակցությունից նախընտրել է չխոսել:
Պտտվող լուրերի համաձայն՝ 2008 թ. սկսած մեքենայությունների մասին, հավանաբար, ոչ ոք չէր իմանա, եթե սոցիալական աշխատողը՝ Արմենը, սոցիալական նպաստների համակարգում ներառեր մի քանի ազնվաձորցու, բայց մերժել է, վերջիններն էլ իրավապահներին են դիմել:
«Սուր անկյան» թղթակիցը պարզել է, որ Վանաձորի սոցիալական աջակցության այն բաժնում, որտեղ աշխատել է ձերբակալվածը, նրա մասին բացասական որևէ բան չեն ասել: Նույնիսկ բացահայտումից հետո բաժնում ընդգրկուն ստուգումներ չեն կատարվել:
Ո´չ Վանաձորի քաղաքապետարանում, ո´չ Լոռու մարզպետարանում չեն հիշել, թե երբ է վերջին անգամ վերահսկվել Վանաձորի սոցիալական աջակցության բաժնի գործունեությունը: Մարզային կառույցում նշել են, որ Վանաձորի սոցիալական աջակցության բաժինը ենթարկվում է քաղաքապետարանին: Իսկ քաղաքապետարանում չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղ է սկսվում և ավարտվում իրենց լիազորությունների սահմանը:
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Արթուր Օհանյանն ասել է, որ քանի որ պատվիրակված լիազորություններ են դրանք, լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, այդ պատճառով չափորոշիչները, մեթոդաբանությունը, մասնագիտական տարբեր տիպի վերապատրաստումները կազմակերպվում են հենց պետության կողմից:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն էլ ասել է, թե մարզպետարանը վերահսկողական որևէ ֆունկցիա չունի և չի կարող ունենալ, քանի որ դա Վանաձորի քաղաքապետի լիազորությունների մեջ է մտնում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը փաստել է. «Օրենքով նախարարությանը վերապահված է վերահսկողության լիազորությունը, հսկողությունը վերապահված է, բնականաբար, աշխատանքները կազմակերպող ղեկավարին, դա կլինի մարզպետը կամ քաղաքապետը՝ իրենց համապատասխան աշխատակազմերով»:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ սոցիալական նպաստների բաշխման ներկայիս համակարգում կոռուպցիոն ռիսկերը շատ են, և եթե չկան շահադիտական, տարածքային և տեղական մարմինների պարտականությունների հստակ բաժանում, դրա դեմ պայքարելը բարդ է լինելու: Այս հարցի լուծման առումով կարևորվում է հատկապես սոցիալական ծառայությունների ինստիտուտի ներդրումը:
«Մենք հույս ունենք, որ ավելի այդ կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ բավականին իրական հիմքեր են ձևավորվել ստվերի կրճատման տեսանկյունից: Մասնավորապես՝ տեղեկատվություն կստանանք այդ ընտանիքի կոնկրետ բնութագրիչները նկարագրող այն տեղեկատվական բազայից, որտեղ այն ձևավորվում է՝ անկախ քաղաքացու և սոցիալական աշխատողի ցանկությունից կամ պայմանավորվածությունից»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն էլ տեղեկացրել է, որ ինտեգրված սոցիալական ծառայություններից նոր օրենքով սահմանվում է, որ վճարումները պետք է այլ մարմին անի, այստեղ կոռուպցիոն ռիսկերը չեն բացառվում՝ մարդկային գործոնով պայմանավորված, բայց դրանք քչանում են:
