Մենք հաղթանակած ժողովուրդ ենք և պարտավոր ենք ՀՀ-ն ու Արցախը դարձնել հզոր երկրներ. Արմեն Սարգսյան (տեսանյութ)
Առաջին հանրապետության 100-ամյակը նշանակում է հսկայական կարևոր իրադարձություն մի ժողովրդի համար, որը ոչ թե մեկ հարյուր, այլ մի քանի հարյուր տարի չի ունեցել պետականությունը: Այս մասին այսօր Էջմիածինում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Հայ ժողովուրդն այդ պետականությունը կարողացել է պահել, պահպանել և պաշտպանել առանց ազգային ժողովի, առանց նախագահի, առանց վարչապետի՝ ունենալով իր հավատը Աստծու, եկեղեցու, իր մշակույթի ու ոգու, կրթության ու զավակների վաղվա օրվա նկատմամբ»,-ասաց նա:
Նախագահի խոսքով՝ հայ ժողովուրդը կարողացել է հարյուր հազարավոր տարիներ պահել իր ինքնությունը, ազգային պատկանելիությունը, իսկ այսօր ունի պետականություն:
«Մենք նաև հաղթանակած ժողովուրդ ենք Արցախում ու Սարդարապատում, պարտավոր ենք ոչ միայն պահել ու պահպանել, այլ նաև ամրապնդել, մեր հայրենիքն ու Արցախը դարձնել փոքր, բայց հզոր երկիր»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Tert.am-ի հարցին,թե որն է անկախության հիմքերի ամրապնդման թիվ մեկ գործոնը, ՀՀ նախագահն ասաց.«Նախ և առաջ , ես կարծում եմ, որ մեր ազգային ոգու գործոնն է, և այն հավատի, որ վաղն ավելի լավ է լինելու, քան այսօր:
Հարցին, թե ընդամենը երկու տարի է տևել Առաջին հանրապետությունը և մեկ դար անց այն մեծ շուքով է նշվում, ինչ դերակատարում ունի այն ՀՀ պետականության համար, Արմեն Սարգսյանն ասաց, որ եթե առաջին հանրապետությունը չլիներ, ապա չէր լինի երկրորդ հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը, երբ ստեղծվեց մշակույթ, կրթություն, Հայաստանը մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին, կազմակերպվեց ներգաղթ և այլն.« Եթե երկրորդ հանրապետությունը չլիներ, շատ դժվար կլիներ ստեղծել երրորդ հանրապետությունը և պաշտպանել մեր իրավունքները Արցախի ազատամարտում»:
