Իտալիայում չեն կարողացել նոր կառավարություն ձևավորել. նախագահին սպառնացել են իմպիչմենթով
Իտալիայի վարչապետի պաշտոնակատար Ջուզեպպե Կոնտեն հրաժարվել է գլխավորել երկրի կոալիցիոն կառավարությունը՝ հայտարարելով, որ նման պայմաններում չի կարող նոր կառավարություն ձևավորել, հաղորդում է ТАСС-ը: ԶԼՄ-ների տվյալներով՝ դա տեղի է ունեցել հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հետ Կոնտեի կոնֆլիկտի պատճառով:
Նախագահը չի հաստատել տնտեսագետ Պաոլո Սավոնայի թեկնածությունն էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում՝ հայտարարելով, որ դա արել է եվրոգոտուց Իտալիայի դուրս գալու անհրաժեշտության մասին նրա հայտարարությունների պատճառով: Նա նաև նշել է, որ նման նշանակումները վատ են անդրադառնում երկրի տնտեսական վիճակի վրա, սպառնում են բնակչության բարեկեցությանը և վախեցնում ներդրողներին:
Իտալիայի երկրորդ խոշոր կուսակցության՝ «Հինգ աստղ» շարժման ղեկավար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Իտալիայում նոր կառավարության ձևավորման տապալումը կարող է պատճառ դառնալ երկրի նախագահի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:
Դի Մայոն առաջարկել է նախագահի պաշտոնանկության հարցը խորհրդարանում քննարկման դնել: Դրանից հետո, քաղաքական գործչի կարծիքով, երկրում պետք է կայանան նոր խորհրդարանական ընտրություններ:
