Թրամփը հայտարարել է, որ Հս. Կորեան «փայլուն ներուժ» ունի
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում կրկին անդրադարձել է Հյուսիսային Կորեայի թեմային՝ հայտարարելով, որ այդ երկիրը «փայլուն ներուժ» ունի:
«Միացյալ Նահանգների պատվիրակությունը ժամանել է Հյուսիսային Կորեա, որպեսզի տարվեն Կիմ Չեն Ընի ու իմ միջև կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Ես իրապես հավատում եմ, որ Հյուսիսային Կորեան փայլուն ներուժ ունի ու մի օր տնտեսական ու ֆինանսական տեսանկյունից հրաշալի երկիր կդառնա: Կիմ Չեն Ընն այս հարցում ինձ հետ համակարծիք է: Եվ դա տեղի կունենա»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր հունիսի 12-ին Սինգապուրում իր ու հյուսիսկորեացի առաջնորդի միջև կայանալիք պատմական հանդիպման չեղարկման մասին: Նա պատճառաբանել էր, որ պաշտոնական Փհենյանը Վաշինգտոնի հետ համագործակցության եզրեր չի փնտրում ու թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Դրան ի պատասխան Հյուսիսային Կորեան ասել էր, որ անկախ ամեն ինչից՝ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ: Դրան հաջորդել էր Վաշինգտոնից ստացված նոր տեղեկությունը, համաձայն որի՝ Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը կկայանա:
Հայտնի է, որ երկու պետությունների ղեկավարները պետք է քննարկեն երկկողմ հարաբերությունների կարգավորումը: Հյուսիսային Կորեան պահանջում է, որ ԱՄՆ-ն վերջ տա Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների անցկացմանը՝ ապահովելով Փհենյանի անվտանգությունը: Մինչդեռ Վաշինգտոնը հյուսիսկորեական վիճահարույց միջուկային և հրթիռային ծրագրերի սառեցում է պահանջում:
