Եթե այս երիտասարդները կարողացան համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը լուծելու են. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Մենք ազգ ենք, որը կարող է իր բոլոր խնդիրները, այդ թվում՝ անվտանգության խնդիրները, խելացի կերպով լուծել՝ առանց զենքի, ուժի կիրառման: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Իսկ ներքին խնդիրների լուծման համար մենք նոր ժամանակներ ենք ապրում: Այսօրվա իշխանությունը, ժողովուրդը, անելու են ամեն ինչ, որ մթնոլորտը փոխվի, օրինականությունը հաստատվի, ստեղծվեն պայմաններ ժողովրդի արարման համար: Կարծում եմ, որ երիտասարդ ավյունը բերելու է հաջողության: Ինչ էլ լինի, որքան էլ քննադատեն՝ փորձառության մասին խոսեն, ասել եմ ու ուզում եմ ասել, որ եթե այս երիտասարդները կարողացան համախմբել ողջ ժողովրդին, մնացած բոլոր հարցերը լուծելու են»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմանը, ապա Օհանյանն ասաց, որ վարվում է կադրային քաղաքականություն, որը ինքը մեկնաբանել չի ցանկանում:
«Ճանաչում եմ նրան, բոլորին եմ ճանաչում, հարգում եմ բոլորին, բայց նշանակումները չեմ մեկնաբանում, դա ռազմաքաղաքական ղեկավարության որոշումն է»,- նշեց նա:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացման պարագայում մասնակցեք դրանց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով, ապա Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Առայժմ որոշում չունեմ»:
