Կարո Փայլանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շրջում է Դիարբեքիրի գյուղերով (լուսանկարներ)
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը սկսել է նախընտրական քարոզարշավը՝ այցելելով Դիարբեքիրի գյուղեր, այս մասին տեղեկանում ենք հայազգի քաղաքական գործչի թվիթերյան պաշտոնական էջից։
Սոցցանցի իր էջում Փայլանը հայտնել է, որ քարոզարշավը բարեհաջող է ընթանում, իսկ տեղի ժողովուրդն էլ շատ ջերմ է ընդունում իրենց։
«Դիարբեքիրում գյուղ առ գյուղ շրջում ենք։ Դեռ չեմ գտել մեկին, ում կարիք կա համոզելու։ Բոլորն ասում են՝ «Դուք այստեղ խնդիր չունեք, մե՛ր պատգամավոր» ու ճանապարհում են»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Փայլանն այս անգամ պատգամավորի թեկնածու է առաջադրվել Դիարբեքիրից։ Ավելի վաղ Մեջլիսում նա ներկայացրել է Ստամբուլը։
«Մեծ հպարտություն եմ զգում Տիգրանակերտից առաջադրվելու համար։ Ես մալաթիացի եմ։ Ստամբուլի և Սփյուռքի հայերի զգալի մասն արմատներով հենց Անատոլիայից են։ Թող Ստամբուլի հայերը չնեղանան՝ ես ոչ միայն նրանց, այլև բոլոր հայերի պատգամավորի թեկնածուն պետք է լինեմ։ Լինի Ստամբուլում կամ Թուրքիայի որևէ այլ հատվածում՝ շարունակելու եմ պայքարել փոքրամասնությունների իրավունքների համար», - ասել էր Փայլանը Ստամբուլի հայակական պարբերականներից «Ակօս»-ի հետ զրույցում։
