Հեղափոխության յուրաքանչյուր մասնակից Նիկոլ Փաշինյանին արդեն պետք է վերաբերվի որպես վարչապետ. Հակոբ Ավագյան
Լավ կլիներ, որ յուրաքանչյուր քաղաքացի, հեղափոխության, շարժման մասնակից Նիկոլ Փաշինյանին վերաբերվեր արդեն որպես վարչապետ, որպես ինստիտուտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը:
Նա նկատեց, որ մի քանի ՓՄՁ ներկայացուցիչներ բողոքի ակցիաներ են անցկացնում: Ըստ նրա՝ ձևավորվող կառավարության համար շատ կարևոր է ծրագիր ներկայացնելուց առաջ ոլորտային հանդիպումներ անցկացնելը:
«ՓՄՁ ոլորտում հուլիսի 1-ից խնդիրներ են լինելու, օրինակ՝ այն ռեստորանները, որոնց հարցը կիսատ-պռատ լուծվեց: Այս տարվա հունվարից հանրային սննդի օբյեկտները հայտնվելու են հարկային դաշտում, իսկ ովքեր շրջանառությամբ գերազանցում են հանրային շեմը հայտնվելու են ավելացված արժեքի հարկային դաշտում»,- մանրամասնեց Ավագյանը:
Հակոբ Ավագյանն ասաց, որ համաձայն չէ վարչապետ Փաշինյանի հայտարարության հետ, որ խոշոր հարկատուներից պետք է գնումներ չկատարել: ««Սիթի»-ից առևտուր մի արեք ասում են: Փոքր չիր արտադրողը խնդիր ունի, վաճառում է մեծածախում ու խնդիր ունի: Երբ մարդը մտնում է «Սիթի»-ից առևտուր է անում, առնում է նաև փոքր բիզնեսի արտադրանքը»,- նկատեց նա:
Ավագյանն ասաց, որ մարդիկ ուզում են տեսնել արագ փոփոխություններ՝ «պետական աշխատողի դեմքի փոփոխություն» են ակնկալում և պետք է հարցին լուրջ վերաբերվել:
«Մարդը ՀԴՄ-ն խփեց, վստա՞հ է, որ մյուս տարի չի անցնելու ուրիշ դաշտ, մարդը երկարաժամկետ է նայում իր գործունեությանը: Մենք դե ֆակտո ունենք ժողովրդի վստահությունը վայելող գործադիր, բայց չունենք նման օրենսդիր մարմին: Այն հարցերը, որոնք լուծվելու են օրենսդրական դաշտում, պետք է հասարակական կառույցների վերլուծություններով ընդունվեն: Մարդիկ անձնական հակակրանքով թղթերին էլ չեն նայում, ստորադասվում է ՓՄՁ-ն, դրա համար պետք է ապաքաղաքական մարմին, որ ասի՝ սա է խնդիրը, եկեք գնանք փոխենք»,- մանրամասնեց նա:
Տիգրանուհի Մարտիրոսյան