ԱԶԲ փորձագետը ՀՀ առողջապահության նախարարի հետ հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել մարդկային ռեսուրսների պլանավորման նախաձեռնություններին
Հայաստանում Ասիական զարգացման բանկի փորձագետ Հիդդո Հյուիթզինգին այսօր հյուրընկալել է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Մանրամասնելով այցի նպատակը` փորձագետն իր աջակցությունն է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մարդկային ռեսուրսների պլանավորման և ծառայությունների արդյունավետ իրականացման նախաձեռնություններին։
Խորհրդատվության շրջանակներում Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում նախատեսվում է ներկայացնել ամբուլատոր և հիվանդանոցային ծառայությունների մարդկային ռեսուրսների ու հաստատությունների կարողությունների պլանավորման ուսումնասիրության աշխատանքային քայլեր, քննարկել ապագա ծրագրերը և առաջարկությունները:
Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանում Ասիական զարգացման բանկի դերն առողջապահության համակարգի հետագա զարգացման և փոխհամագործակցության գործընթացում: