Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ին չհաջողվեց, ի վերջո, այս հաղթանակը ինչ-որ մեկինը չէ. Լ. Զուրաբյան
Ամենակարևոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը, վերջապես, իր ճակատագիրն իր ձեռքը վերցրեց: Այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներին: Նա կարծում է, որ ստեղծվել է այնպիսի մեծ էներգիա, վերափոխում հայ ժողովրդի մտածելակերպի մեջ, որը մնայուն ազդեցություն է ունենալու:
«Հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժի անարդարություն, ընտրակեղծարարություն, կոպիտ կամ օրենք խախտող պաշտոնյանի: Սա շատ լուրջ փոփոխություն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի լինելու կոռուպցիա և այլն, Զուրաբյանն ասաց, թե ինքը հույսը դնում է ոչ թե հայտարարությունների, այլ ժողովրդի ուժի վրա: Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի պարտքն է այնպես անել, որ ժողովրդի արթնացած ուժը չկորի, էներգիան պահպանվի:
«Սա է միակ երաշխիքը, քանի որ քաղաքական գործիչներն ինչքան էլ լավը լինեն, ինչքան էլ վստահելի լինել, միևնույն է, առանց ժողովրդի էներգիայի, վճռականության ու համագործակցության ոչ մի բան չի լինի»,- շարունակեց Զուրաբյանը:
Վերջինս, խոսելով վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին, ասաց, որ իրենք նոր ծնված քաղաքական ուժ չեն, ունեն իրենց նպատակներն ու ծրագրերը, որոնք իրականացնելու են անկախ նրանից, թե ով է լինելու օրվա իշխանությունը:
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին շնորհավորում ենք ընտրվելու կապակցությամբ, նա շատ մեծ գործ արեց ժողովրդի էներգիան արթնացնելու հարցում: Անուրանալի արարք էր դա, դա չի կարելի չգնահատել, բայց ամեն ինչ կախված է նոր հայաստանցիների պահվածքից: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ժողովուրդը հանգստանալու որևէ առիթ չունի, ոչ էլ նախադրյալներ կան»:
Լևոն Զուրաբյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այն, ինչը չհաջողվեց ՀԱԿ-ին: Զուրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պարզապես վերջին հաղթական հարվածն է հասցրել, իսկ ՀԱԿ-ն իր դերն է ունեցել դրանում:
«Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ին չհաջողվեց, ի վերջո, այս հաղթանակը ինչ-որ մեկինը չէ, իսկ ՀԱԿ-ը քի՞չ է արել այս հաղթանակի համար: Մարտի 1-ի ողբերգությունը նաև սխրագործություն էր, 10 մարդ իրենց կյանքը դրեցին այս հաղթանակի համար, և ոչ ոք թող չասի, որ այդ զոհաբերությունը անպտուղ էր, եթե բոլորով չանցնեինք «Մարտի 1»-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի»,-եզրափակեց Լևոն Զուրաբյանը: